Ֆրեդի Մերկուրի. «Չեմ կարող որևէ մեկին սիրել այնպես, ինչպես՝ Մերիին»

«Միակ ընկերը, որ ես ունեմ`Մերին է, ինձ ուրիշ ոչ ոք պետք չէ». խոսելով իր կյանքի «միակ սիրո»` Մերիի մասին, ասել  է  Queen ռոք-խմբի վոկալիստ` Ֆրեդի Մերկուրին: 

Մերին 19 տարեկան աղջիկ էր, երբ առաջին անգամ ծանոթացավ Ֆրեդիի հետ,  1970-ականներն էր:  Աղջիկն այդ ժամանակ աշխատում էր Քենսինգթոնի մոդայիկ մի խանութում, որպես վաճառքի մասնագետ: Խանութի հաճախորդներից էր 24-ամյա Ֆրեդին։ Բազմակի փորձերից հետո, որը տևեց վեց ամիս, Ֆրեդիին հաջողվում է մտերմանալ աղջկա հետ:  
2013թ.-ին Daily Mail-ին տված հարցազրույցում Մերին հիշում է. «Նախկինում ինձ հանդիպած մարդկանցից ոչ ոքին նա նման չէր:  Շատ ինքնավստահ էր, իսկ ես երբեք այդպիսին չեմ եղել: Մենք միասին ենք մեծացել:  Նա ինձ շատ էր դուր գալիս:  Այդպես էլ ամեն ինչ սկսվեց»:
Մերկուրին և Մերին համեստ տուն վարձեցին և սկսեցին միասին ապրել:  Նկարչական քոլեջը նոր ավարտած Ֆրեդին` գումար վաստակելու համար շուկայում մի կրպակ բացեց, որտեղ վաճառում էր իր նկարները։
Նրանք այնքան քիչ գումար ունեին, որ հազիվ կարողացան վարագույր գնել, իսկ խոհանոցն ու լոգասենյակը հարևանների հետ համատեղ էին օգտագործում։
Ազատ ժամանակ Ֆրեդին երգում էր «Queen» խմբում։ 1972 թ.-ին խումբը պայմանագիր կնքեց Էմի ձայնագրման ստուդիայի հետ, թողարկվեց առաջին ալբոմը։ Խումբը ուղևորվեց համերգային շրջագայության Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ։ Ֆրեդին այնքան գումար վաստակեց, որ Մերիի հետ տեղափոխվեցին առանձին բնակարան։ Նրանց սիրավեպը յոթ տարի տևեց։ Այդ տարիների ընթացքում նա մեծ ճանաչում ստացավ, մեծ հոնորարներ էր վաստակում, նրա կատարումները հիթ-շքերթներն էին գլխավորում։
Երաժիշտը հսկայական տուն գնեց Լոնդոնի կենտրոնում, սկսեց կատուներ պահել և ավելի շատ ժամանակ անցկացնում էր կատուների հետ, քան Մերիի։ Կամ հյուրախաղերում էր, կամ էլ ընկերների հետ երեկույթների էր գնում։ Իրենց հարաբերությունները փրկելու համար, Մերին առաջարկեց երեխա ունենալ։ Ֆրեդին անակնկալի եկավ։ Նա չէր պատկերացնում, թե  ի՞նչ հայր կարող էր լինել։  Որոշ ժամանակ անց մեծ դժվարությամբ խոստովանեց, որ  չի կարող լավ հայր լինել, քանի որ հոմոսեքսուալիստ է։ 
«Մեր սերն ավարտվեց արցունքի օվկիանոսով, բայց դրանից ծնվեց մի այլ, ավելի մեծ, սիրուց ավելի խորը զգացմունք։ Բոլոր իմ սիրեկաններն ուզում են հասկանալ, թե ինչու չեն կարող փոխարինել Մերիին։ Դա անհնար է։ Նա իմ միակ ընկերն է։ Ես առ այսօր նրան համարում եմ իմ քաղաքացիական կինը. դա իսկական ամուսնություն է եղել։ Չեմ կարող որևէ մեկին սիրել այնպես, ինչպես՝ Մերիին». ասել է Մերկուրին:
Մերին հետագայում ամուսնացավ, երկու զավակ ունեցավ:  Բայց նա Մերկուրիի կողքին էր, երբ պարզվեց, որ երգիչը ՄԻԱՎ-ով է վարակված: 
«Մերիի հետ ես ինձ անվտանգ էի զգում։ Որքան ավելի էի ճանաչում նրան, այնքան ավելի շատ էի սիրում. հենց միայն նրա համար, որ նա կար։ Մենք վստահում և հենվում էին մեկմեկու».  Մերկուրի:
Երաժիշտը մահացավ  1991 թ.-ի նոյեմբերի 24-ին, 45 տարեկան հասակում, բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից:  Մարմինը դիակիզեցին։ Ըստ կտակի, միայն Մերի Օսթինը պետք է իմանար, թե որտեղ է թաղված նրա փոշին։
78 միլիոն դոլար գնահատվեց Մերկուրիի կարողությունը, չհաշված անշարժ գույքը։ Այդ կարողության կեսը, անշարժ գույքը և ձայնասկավառակների վաճառքից առաջացած եկամուտը Մերկուրին կտակեց Մերի Օսթինին, իսկ մյուս կեսը՝ ծնողներին և քրոջը։  
«Եթե ամեն ինչ այլ լիներ, ապա դու կլինեիր իմ կինը և այսպես, թե այնպես ամեն ինչն էլ կրկին քոնն էր լինելու». իր կտակում, Մերիին գրել էր Մերկուրին:  
Մերի Օսթինը մինչև օրս էլ հիշում է Ֆրեդիին. «Երբ  լսում եմ, որևէ երգ, սկսում եմ հուզվել:  Մենք միասին ապրեցինք 20 տարի: Մի տանիքի տակ: Միասին, զգացմունքային»: 
Երբ բժիշկները հայտնաբերեցին, որ Ֆրեդին հիվանդ է, երաժիշտը կնոջ հետ հաճախ էր  իր նախկին  ելույթների ձայնագրությունները նայում և մի օր, հերթական ելույթը դիտելիս`  Ֆրեդին պտտվեց և ասաց Մերիին. «Ինչ լավիկն եմ եղել»:  Մերին հուզմունքից վեր  կացավ և լքեց սենյակը: 
Մերկուրին կյանքի վերջին օրերին
«Դա շատ տխուր պահ էր:  Հիվանդությունից հետո, ես նրա ներկայությամբ փորձում էի էմոցիաներս թաքցնել, բայց այդ պահին չկարողացա: Երբ վերադարձա սենյակ, ուղղակի նստեցի նրա կողքին, ասես ոչինչ էլ չէր եղել:
Մենք միասին եղանք վատ ու լավ պահերին, հարստության ու աղքատության, հիվանդ ու առողջ  ժամանակ». Մերի Օսթին:



Comments