Ուիլյամ Լամպորտ. Զորրոյի նախատիպը

Այս կերպարն ամերիկյան գրականությունում հայտնվել է 1919թ.-ին, Զորրոն «Կապիստրանոյի անեծքը» վիպակի գլխավոր հերոսն էր:  Այս գործի հեղինակն ամերիկացի գրող Ջոնսթոն Մաքքալին է:  Նա արկածային իր վիպակում Զորրոյի դիմակի տակ թաքցնում է Դոն Դիեգոյին, ազնվական ծագում ունեցող իսպանացու, որը բնակվում էր Իսպանական թագավորության գաղութ համարվող Կալիֆորնիայում և պաշտպանում էր բնակչությանը կոռումպացված տեղական իշխանավորներից։ Զորրոն ի սկզբանե արդարության մարտիկի կերպար էր։ Նա կրում էր սև թիկնոց, սոմբրերո, դիմակ, որն ամբողջությամբ ծածկում էր նրա դեմքը, իսկ որպես զենք, օգտագործում էր ինչպես սուսերը, որով նա գրում էր հանրահայտ Z տառը, այնպես էլ ատրճանակ։
Ջոնսթոն Մաքքալի
Ասում են,  Զորրոյի կերպարը ստեղծելիս` Մաքքալին ոգեշնչվել է ոմն Ուիլյամ Լամպորտի կյանքի պատմությունից:
Ուիլյամ Լամպորտը ծնվել էր 1615թ.-ին Դուբլինում:  Նա հարուստ և հայտնի իռլանդական ընտանիքի զավակ էր:    Ուիլյամը ստացել էր փայլուն կրթություն:  Սովորել էր Ճիզվիտական դպրոցում, այնուհետև` Լոնդոնյան համալսարանում:  Ինչպես բոլոր իռլանդացիները, այնպես էլ Լամպորտը ատում էր անգլիացիներին:  Վերջիներս ստրկացրել էին Իռլանդիան:  Այս ամենից զատ էլ, երիտասարդը բնատուր արկածասեր էր:  Նրան գրավում էին ճանապարհորդություններն ու արկածները:  Զարմանալի չէր,
որ չլսելով հարազատների հորդորները նա, որպես նավաստի, վաճառականների նավով սկսեց նավարկել դեպի Նոր Աշխարհ` Ամերիկա:  Ուիլյամը 20 տարեկան էր, բայց արդեն հասցրել էր լինել տարբեր երկրներում:  Այսպես, ճակատագիրը երիտասարդին հասցրեց Իսպանիա: Այնտեղ Ուիլյամը փոխեց իր անուն-ազգանունը և դարձավ` Հուլիո Լոմբարդո: 
Ուիլյամ Լամպորտ
1640թ.-ին նա ընկավ սիրային մի պատմության մեջ, որի պատճառով իռլանդացի այս դոնժուանը ստիպված եղավ շտապ լքել Իսպանիան և ուղևորվել Մեքսիկա: Լամպորտն  ուներ իր հովանավոր` դուքս Օլիվարեսի երաշխավորագիրը, որի շնորհիվ Մեքսիկայում  շատ լավ տեղավորվեց  և բարեհաջող կատարեց իր  «Պատրոնի» (իսպ. գործատու, հովանավոր)  մի քանի հանձնարարությունները:  Լամպորտը այդ ժամանակ ընկերացավ Մեքսիկայի  հնդկացիների  և տեղաբնիկների հետ:  Նրանցից Ուլիյամը շատ բաներ սովորեց:  Օրինակ հնդկացի-ացտեկներից նա  հետաքրքիր տեղեկատվություն ստացավ` կապված աստղագիտության և մոգության հետ:   Այս գիտելիքները սակայն, կարող էին սպանել նրան, քանի որ սրբազան ինկվիզիցիան սկսեց կենտրոնանալ իռլանդացու այդ տարօրինակ նախասիրությունների վրա:  Ուիլյամին մեղադրեցին վհուկության և սև մոգությամբ զբաղվելու մեջ:  Դրանից բացի էլ,  Մեքսիկայի իշխանությունները Լամպորտին կասկածում էին իսպանական թագի դեմ դավադրության կազմակերպման մեջ:  Արդյունքում, իռլանդացուն ձերբակալեցին և բանտարկեցին, որտեղ նա 10 երկար տարիներ անցկացրեց:  Այս «վհուկ դավադիրի» գործի քննությունը երկարեց: 
Ալեն Դելոնը Զորրոյի կերպարում
Հոգևոր հայրերն ու ազնվական պարոնները  կարծում էին, որ այդ խռովարարն ու կնամոլը`  գտնվելով Մեքսիկայի բանտերից մեկում, իրենց համար վտանգ չի ներկայացնում, սակայն սխալվեցին:  Լամպորտն իր հնդկացի ընկերների օգնությամբ կարողացավ ազատվել  կալանքից և փախչել:  Սկսվեցին նրա արկածները, որոնք մնացին տեղացիների հիշողության մեջ:   Խոսակցություններ էին պտտվում, թե գիշերներն ինչպես է սև դիմակով ձիավորը շրջում Մեխիկոյի փողոցներում և տների պատերին փակցնում խայտառակ հայտարարություններ` ծաղրուծանակի ենթարկելով տեղական իշխանություններին և սրբազան ինկվիզիցիային:  Այսպես սկիզբ առավ ազնիվ և անորսալի Զորրոյի մասին լեգենդը:  Լամպորտը նաև սիրում էր սենյորիտաների (իսպ. օրիորդ)   հետ զվարճանալ: Օրիորդներն էլ դեմ չէին լավ ժամանակ անցկացնել խորհրդավոր հերոսի հետ:   Արկածախնդիր ու կնամոլ Լամպորտին սակայն այս «խաղերը» տարան կործանման: 
Ուիլյամ Լամպորտի արձանը
Որոշ ժամանակ անց Լամպորտին հայտնաբերում և ձերբակալում են` Մեքսիկայի փոխարքայի հենց անկողնուց:  Ուիլյամին հաջողվել էր գերել նույնիսկ փոխարքայի կնոջը:  Այս իրադարձության մանրամասները  Մեխիկոյի եպիսկոպոսը ներկայացնում է Իսպանիայի արքային ուղղված իր նամակում:  7 երկար ու ձիգ տարիներ Լամպորտն անցկացնում է բանտախցում` շղթայված:  Վերջիվերջո սրբազան ինկվիզիցիայի դատարանը նրան մահվան է դատապարտում: 1659թ.-ին Ուիլյամին, որպես հերետիկոսի մասսայաբար պետք է այրեին:  Մահապատիժը պետք է իրականանար Մեխիկոյի հրապարակում:  Բայց արի ու տես, որ նրան հաջողվում է խուսափել տանջալի մահից:  Այն պահին, երբ դահիճը կրակը մոտեցնում է ձիթայուղով պատված փայտերին, Լամպորտը  ամրացված պարանով, ինքն իրեն խեղդամահ է անում: 
Նա մահացավ, սակայն տեղաբնիկ հնդակիցները պահպանեցին սև դիմակով ձիավորի հանդեպ հավատը, որն ազնիվ էր, բարի, անորսալի, աղքատների և հալածյալների պաշտպան էր և անարդարության դեմ պայքարողը: 
Զորրոյի՝ մեզ ավելի հայտնի կերպարը ստեղծել է համր կինոյի վարպետ Դուգլաս Ֆերբենքսը,  1920 թվականին էկրան բարձրացավ նրա «Զորրոյի նշանը» ֆիլմը։ Այս ֆիլմը այնքան ոգեշնչեց Մաքքալիին, որ նա գրեց ևս մի քանի տասնյակ նովելներ Զորրոյի մասին։ Զորրոյի խարիզմատիկ կերպարի շուրջ ստեղծվել են տարբեր ժանրերի ավելի քան 40 ֆիլմեր։ Ի դեպ, 1940թ.-ին նկարահանած «Զորրոյի նշանը» ֆիլմի ռեժիսորն է մեր հայրենակից, լեգենդար Ռուբեն Մամուլյանը: 
Զորրոյի դիմակը  1998թ.
Զորրոյի կերպարում հանդես են եկել  այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թայրոն Փաուերը («Զորրոյի նշանը»), Ալեն Դելոնը («Զորրո»), Անտոնիո Բանդերասը («Զորրոյի դիմակը», «Զորրոյի լեգենդը»):

Comments