Պուշկինյան կոմերցիան. «Եվգենի Օնեգին» վեպի թաքնված գովազդները


188 տարի առաջ Բոլդինո գյուղում Պուշկինն ավարտեց իր ստեղծագործությունը` «Եվգենի Օնեգին»-ը, որի վրա աշխատում էր 7 տարի:  Ալեքսանդր Պուշկինը վեպը սկսել է գրել 1823թ.-ի մայիսին և ավարտել` 1830թ.-ի սեպտեմբերին:  Գրողի ստեղծագործական այս ժամանակահատվածը ընդունված է համարել «Բոլդինյան աշուն»:  Մինչև «Օնեգին»-ը գրականության պատմության եղել է մեկ չափածո վեպի օրինակ` Բայրոնի «Դոն Ժուան»-ը:  «Օնեգինին կարելի է անվանել ռուսական կյանքի հանրագիտարան, բարձրագույն կարգի ժողովրդական ստեղծագործություն», այսպես էր կարծում գրաքննադատ Բելինսկին:  

Սակայն չափածո այս վեպը, միայն պատմություն չէ երիտասարդ ազնվական Օնեգինի մասին:  Այս գործից  կարելի է իմանալ, թե ինչպիսի ապրելակերպ,  ավանդույթներ է ունեցել 19-րդ դարի հասարակությունը:  Պուշկինը մանրամասն ներկայացրել է մայրաքաղաքի բարձր հասարակությունը, Մոսկվայի ազնվականներին, հողատերերին և գյուղացիներին:   
Իր վեպի էջերում Պուշկինը հիշատակել է մի քանի ապրանքանիշներ, որոնք 19-րդ դարի Ռուսաստանում պահանջված էին:  Նա խոսում է տարբեր իրերի, ծառայությունների մասին, որոնք օգտագործում կամ որոնցից օգտվում էին ռուս ազնվականները:

«Բոլիվար գլխարկ»

«Օնեգինը կրելով լայնեզր բոլիվարը` քայլում էր զբոսայգով»:  Սև լայնեզր գլխարկը այդ ժամանակաշրջանի  ամենաթանկարժեք և նորաձև աքսեսուարներից էր:   Վեպի հերոսների իլյուստրացիաների ժամանակ սովորաբար օգտագործում են բոլիվարների պատկերները: 19-րդ դարում գլխարկները անվանակոչում էին քաղաքական գործիչների անուններով և օգտագործելով տվյալ գործչի անունը կրող գլխարկը, այն կրողը նաև արտահայտում էր իր քաղաքական հայացքները:  
Սիմոն Բոլիվար

1821-1823թ.-ներին, երբ Պուշկինը սկսեց աշխատել իր վեպի վրա, մոդայիկ էին համարվում գեներալ Սիմոն Բոլիվարի անունը կրող գլխարկները:  Բոլիվարը Հարավային Ամերիկայի ազգային հերոս էրՆա պայքարում էր ամերիկյան գաղութների ազատագրման համար:  Բոլիվարի համակիրները կրում էին լայնեզր գլխարկներ, դրանք եվրոպական նորաձևություն մտան 1810թ.-ինԱյդ գլխարկները երբեմն այնքան լայն էին, որ դրանցով անհնար էր անցնել նեղ դռնով:

Breguet ընկերության ժամացույցներ

Հաջորդ ապրանքանիշը Breguet ընկերության ժամացույցներն էին:  «Այդպես նա քայլում էր, մինչև բրեգետը կհնչեր` հիշեցնելով ընթրիքի մասին»:   Ժամ նայելու համար, պետք չէր ժամացույցը գրպանից հանել:  Բավական էր միայն ձեռքով սեղմել համապատասխան կոճակը և ժամացույցը հնչեցնում էր ժամը:
 Breguet ընկերության այս ժամերը ասես զարթուցիչ լինեին:  Պուշկինն իր վեպում այս ժամացույցների  մասին հիշատակում է մի քանի անգամ:  Breguet ընկերության հիմնադիրը ժամացույցների վարպետ  Աբրահամ-Լուի Բրեգն էր:  Այս շվեցարացին ժամացույցների իր առաջին խանութը բացել է 1775թ.-ին Փարիզում:  Բրեգետները աչքի էին ընկնում ոչ միայն ճշգրտությամբ, այլև մոդելների ինդիվիդուալությամբ:  Գնորդը կարող էր վստահ լինել, որ իր ժամացույցից ոչ ոք չէր կարող ունենալ:    Այսօր Breguet ընկերությունը կա և համարվում է պատմության ամենահին ապրանքանիշերից մեկը:
 Աբրահամ-Լուի Բրեգի ռուսական խանութը բացվել է 1801թ.-ին, իսկ դրանից 7 տարի անց Պետերբուրգում բացվել է ընկերության ներկայացուցչությունը:  Այս բրենդային ժամերի սիրահարներն էին Գոլիցինների, Գագարինների, Յուսուպովների տոհմերի իշխանները:  Նույնիսկ Ալեքսանդր 1-ինն էր  կրում Breguet: 

«Տալոն» ռեստորան

Վեպում Պուշկինը հիշատակում է «Տալոն» ռեստորանի մասին: Պուշկինը զուր չէ իր հերոսին ուղարկում Տալոն` ընթրելու, նա միտումնավոր ավելացնում է «հայտնի ռեստորան» անվանումը:
«Տալոն» ռեստորան
Դա հատուկ էր արված, որպեսզի ընթերցողը ուշադրություն դարձներ ռեստորանի անվանը:  Հնարավոր է Տալոնը պոետին զեղչի քարտ էր նվիրել, ով գիտե:  Այդ ռեստորանում իրականում Պուշկինը եղել է և հենց այնտեղ է ծանոթացել Դանթեի հետ:

«Լեպաժ»

Պուշկինը ևս մեկ անգամ հիշատակում է տվյալ իրի ապրանքանիշը:  Այս ապրանքանիշը իրոք մեծ փառք էր վայելում:  Զենքերի  Le Page  ընկերությունը  ստեղծվել է 1717թ.-ին Փարիզում:  Հիմնադիրը Լուի Պինին է:  Սակայն նա բիզնեսը կտակում է զարմիկին` Պիեր Լեպաժին, որի անունն էլ ընկերություննը կրում է:
 Ընկերությունն ուներ շատ հաճախորդներ, այդ թվում ազնվական և արքայական ծագում ունեցող: «Լեպաժ»-ը զենք էր մատակարարում նաև Ֆրանսիայի արքա` Լյուդովիկոս 15-ին:  Պուշկինի ապրած ժամանակահատվածում «Լեպաժ»-ից զենք էին գնում նաև Լյուդովիկոս 16-ը, Նապոլեոնը, Լյուդովիկոս 18-ը:  Նույնիսկ Բաստիլի գրավումն ու 1830թ.-ի Հուլիսյան հեղափոխությունը առանց «Լեպաժ»-ի հրացանների և ատրճանակների չիրականացվեցին:
Լենսկին Օնեգինի հետ  դուելի համար նույնպես ընտրեց այս ընկերության ատրճանակներից:  Դանթեսի հետ դուելից կարճ ժամանակ առաջ` անհատական պատվերով «Լեպաժ»-ից ատրճանակներ էր ձեռք բերել նաև Պուշկինը:  

Comments