Ձմեռային պալատի 300-ամյա Մյաուական դիվիզիան



Ինչպես Էրմիտաժը, այնպես էլ այնտեղ ապրող կատուներն, այսօր  համարվում են Պետերբուրգի խորհրդանշանները:  Էրմիտաժյան կատուներն ունեն սեփական մամլո խոսնակը, բժիշկը, անձնագիրը, նույնիսկ պաշտոնական տոնը:
Ամեն ինչ սկսվեց  272 տարի առաջ, երբ թագուհի Ելիզավետա Պետրովնան` տառապելով պալատում վխտացող առնետներից և մկներից, հրամայեց պալատ բերել կատուների:  
Ելիզավետա Պետրովնա
  <<Ձերդ Գերազանցության հրամանով, Կազանում հայտնաբերել տեղական ցեղատեսակների լավագույն, խոշորագույն երեսուն կատուների և ուղարկել  Սանկտ Պետերբուրգ, մկներ բռնելու  համար...>>, այսպիսին էր Ելիզավետա Պետրովնայի հրամանով տարածվող հայտարարությունը:
Թագուհու պահանջը կատարվեց շատ արագ: Կատուներ <<մատակարարելու>> գործում մասնակցում էր նաև անձամբ Կազանի նահանգապետը: <<Բեղիկավորներին>> անվտանգ տեղափոխեցին պալատ, դրանից կարճ ժամանակ անց կրծողներն անհետացան:
Հետաքրքիր է, որ Ձմեռային պալատ կենդանիները տեղափոխվեցին Եկատիրինա Երկրորդի ժամանակ, չնայած որ թագուհին կատուներ չէր սիրում, նա նախընտրում էր շներին, այնուամենայնիվ որոշեց թողնել <<բեղիկավորներին>>, տալով նրանց <<պատկերասրահի պահապաններ>> կարգավիճակը:
Նոր կայսրուհու ժամանակաշրջանում կատուներին բաժանեցին երկու խմբի` փողոցային և տնային:
Եկատիրինա Երկրորդ
Կատուներն ապրում էին Էրմիտաժում Նապոլեոնի հետ պատերազմի ժամանակ և հեղափոխությունից հետո` մինչեւ Հայրենական պատերազմի սկիզբը:
1941 թ. արվեստի գլուխգործոցները տարհանվեցին Ուրալ` Սվերդլովսկ, իսկ թանգարանի նկուղները կահավորեցին, որպես  ռումբի 12 ապաստարաններ: Քաղաքի շրջափակումը չխնայեց Էրմիտաժի կատուներին, նրանք կիսեցին Լենինգրադի մյուս կենդանիների ճակատագիրը:
1941-1942թթ.-ի ամենասարսափելի ձմռանը Էրմիտաժի խորհրդանշանները դարձան կերակուր:  Որքան էլ սարսափելի է հնչում, ամեն դեպքում այս կենդանիները սննդի և գոյատևելու միակ միջոցն էին:

<<1941թ. դեկտեմբերի 3, այսօր մենք կերել ենք տապակած կատու, շատ համեղ էր>>, շրջափակման մեջ գտնվող 10 ամյա տղան այսպես է նկարագրել օրվա սնունդն իր օրագրում:
Կատուների անհետացմանը զուգահեռ, անհավատալի արագությամբ սկսեցին բազմանալ առնետները:  Կրծողներն այնքան էին <<երես առել>>, որ սնվում էին ոչ միայն դիակներով, որոնք շատ-շատ էին շրջափակման մեջ գտնվող Պետերբուրգի փողոցներում, այլև հարձակվում էին կենդանի մարդկանց վրա, որոնք թուլացել էին սովի պատճառով:  Չէին օգնում ոչ թակարդները, ոչ թույնը, ոչ էլ կրծողների ոչնչացման հատուկ ջոկատները:
Երբ շրջափակման օղակը կոտրվեց, քաղաք բերվեցին 5.000 կատուներ: Մոտ 200 կատուներ տեղափոխվեցին Էրմիտաժ: <<Մյաուական դիվիզիան>> հավաքագրվել էր Սիբիրում, Տյումենում:  Կրծողների դեմ այս պայքարը տվեց իր դրական արդյունքը:

1960-ական թթ.-ներին Էրմիտաժում կատուների գլխաքանակը մեծացավ: <<Բեղիկավորները>> ընդլայնեցին իրենց բնակավայրերը, նկուղներից տեղափոխվեցին միջանցքներ, թանգարանի սրահներ:  Որոշվեց կատուներին ուղարկել <<հանգստի>>:  Սակայն կրծողների ոչնչացման համար կիրառվող քիմիական նյութերը իրենց չարդարացրեցին և կատուները կրկին վերադարձան հերթապահության:
Այսօր Էրմիտաժի նկուղներում ապրում են <<պատկերասրահի 50 պահապաններ>>, կատուների այս թվի նորմը որոշվել է Էրմիտաժի 250-րդ տարեդարձի օրը: Եթե կատուների թիվը մեծանում է, նրանց որդեգրում են թանգարանի կենդանասեր այցելունները:
Այս <<բեղիկավորներն>> ունեն իրենց պաշտոնական կայքը, սոցիալական ցանցերում իրենց  էջերը, որտեղ կարելի է դիտել Ձմեռային պալատի բնակիչների լուսանկարները, հավանելու դեպքում` որդեգրել:

Էրմիտաժի ժամանակակից աշխատակիցները, առնետների դեմ պայքարելու խնդիր չունեն, քանի որ <<Մյաուական դիվիզիա>>-ի միայն հոտն էլ արդեն վախեցնում է կրծողներին: Հետևաբար, կատուների պարտականությունն է միայն սեփական հաճույքի համար ապրել, ուտել, զբոսնել և <<մյաու>> կանչել
2005թ.-ին գերմանացի ռեժիսոր Յան Հինրիկ Դրևսը Էրմիտաժի կատուների մասին նկարահանեց 52 րոպեանոց վավերագրական ֆիլմ` <<360º GEO-ռեպորտաժ.  Էրմիտաժ, կատուների դղյակը>>: Ֆիլմը հեռարձակվեց եվրոպական մի շարք ալիքներով և մեծ արձագանք գտավ:

2007թ.-ին ամերիկացի գրող Մերի Էնն Ալլինը,  Ձմեռային պալատի բնակիչներին նվիրված մանկական պատմվածք գրեց` <<Աննան և կատուները. Կամ արկածներ Էրմիտաժում>>:
2016թ.-ին էլ ամերիկացի երգահան Քրիս Բրուբեքն ստեղծեց <<Էրմիտաժի կատուները>> մյուզիքլը:  Մյուզիքլի պրեմերիան կայացավ նույն տարում` Նյու Յորքում գտնվող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանում:

Comments