1901թ. հունիսի 5 (18), Ռուսական կայսրություն: Նիկոլայ 2-րդ Ռոմանովը գրում է. «Ժամը մոտավորապես 3-ին, Ալեքսանդրիայի մոտ սկսվեցին ծննդաբերական ցավերը: Ժամը 4-ին ես վեր կացա, հագնվեցի և գնացի իմ սենյակ: Ուղիղ ժամը 6-ին ծնվեց աղջիկս՝ Անաստասիան: Ամեն ինչ տեղի ունեցավ հիանալի պայմաններում, փառք Աստծու ոչ մի բարդություն չառաջացավ: Ամեն ինչ սկսեց և ավարտվեց, երբ բոլորը քնած էին, երկուսիս մոտ էլ հանգստության զգացում էր: Այնուհետև սկսեցի հեռագրեր և ծանուցագրեր գրել հարազատներիս՝ աշխարհի բոլոր անկյուններում: Բարեբախտաբար Ալեքսանդրիան լավ է, երեխան կշռում է 11½ ֆունտ, իսկ աճը 55սմ է»:
Այդ գիշեր ծնվեց Ռուսական կայսրության, Ռոմանովների դինաստիայի վերջին ներկայացուցիչ՝ Նիկոլայ 2-րդ Ռոմանովի չորրորդ աղջիկը՝ Անաստասիա Ռոմանովան: Մինչ Անաստասիան, Նիկոլայ Ռոմանովը արդեն ուներ 3 աղջիկ ՝ Օլգան, Տատյանան և Մարիան: Անաստասիայի ծնունդն այդքան էլ սպասված չէր, քանի որ Ռուսական կայսրությունը դեռևս չուներ ժառանգ: Ասվում է, որ արքայի հիասթափությունը սահմաններ չուներ և երկար ժամանակ նա չէր կարողանում այցելել կնոջը և նորածին աղջկան:
Արքայի քույրը՝ արքայադուստր Քսենյան գրում է. «Ինչպիսի հիասթափություն: Չորս աղջիկ: Նրան անվանեցին Անաստասիա: Մայրիկը ինձ հեռագիր է ուղարկել և գրել. «Ալեքսանդրիան կրկին աղջիկ է ունեցել»»:
Հաշվի չառնելով Անաստասիայի պաշտոնական կոչումը, տանը նրան անվանում էին փոքրիկ, Նաստյա, կուբաշկա, քանի որ ցածրահասակ էր: Ըստ ժամանակակիցների, արքայի երեխաները, այդ թվում Անաստասիան երես առած չէին և աչքի էին ընկնում իրենց համեստությամբ: Նույնիսկ Անաստասիան և Մարիան քնում էին մի ննջասենյակում, որը ուներ պարզ ու հասարակ կահավորանք:
Արքայադուստրերի կյանքը շատ միապաղաղ էր: Առավոտյան նախաճաշ՝ ժամը 09:00-ին, երկրորդ նախաճաշ 13:00-ին, իսկ կիրակի օրերին՝ 12:30-ին: Ժամը 17:00-ին թեյ, ժամը 20:00-ին ընդհանուր ընթրիք, որը բավականին հասարակ էր և համեստ: Իսկ երեկոյան աղջիկները զբաղվում էին կար ու ձևով, որի ընթացքում հայրը նրանց համար բարձրաձայն գիրք էր ընթերցում: Կիրակի օրերին նրանք սպասում էին անհամբերությամբ, քանի որ այդ օրերին նրանք այցելում էին մորաքրոջ՝ Օլգա Ալեքսանդրովնայի կազմակերպած պարահանդեսներին: Բավակականին հետաքրքիր էին անցնում երեկոները, երբ Անաստասիային պարի էին հրավիրում երիտասարդ սպաները:
Օլգա Ալեքսանդրովան գրում է. «Աղջիկները վայելում էին ամեն մի րոպեն, հատկապես շատ զվարթ էր իմ սիրելի սանուհին՝ Անաստասիան, հավատացեք ես դեռ լսում եմ նրա ծիծաղը: Պարեր, երաժշտություն, նա աբողջովին խորացել էր դրանց մեջ:
Ինչպես արքայի մեծ աղջիկները, այնպես էլ Անաստասիան կրթություն էր ստանում տանը: Նա սկսել է սովորել 8 տարեկանից, առարկաները բավականին շատ էին՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պատմություն, աշխարհագրություն, Աստվածային Օրենք, քերականություն, թվաբանություն, սրանց հետ մեկտեղ պար և երգ-երաժշտություն»:
Արքայական ընտանիքը հիմնականում ապրում էր Ալեքսանդրովյան պալատում: Երբեմն լինում էին Ձմեռային պալատում, այն շատ մեծ էր և այնտեղ բավականին ցուրտ էր, որի արդյունքում Տատյանան և Անաստասիան հաճախ հիվանդանում էին: Տարիներ անց, երբ Անաստասիան մեծացավ շատ հարցերում օգնում էր մորը՝ թագուհի Ալեքսանդրիա Ֆյոդորովնային: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք այցելում էին հիվանդանոցներ և օգնում բոլորին: Վիրակապում էին հիվանդներին, գնում դեղորայք, գրքեր էին ընթերցում, ներկայացումներ բեմականացնում՝ զբաղեցնելով հիվանդներին:
Անաստասիան գրում է. «Այսօր ես նստեցի մեր զինվորներից մեկի կողքին և սկսեցի նրան կարդալ սովորեցնել: Դա նրան շատ դուր եկավ: Նա հենց հիվանդանոցում գրել և կարդալ սովորեց: Իսկ երեկ երկու դժբախտներ մահացան և մենք նստել էինք նրանց կողքին»:
Մինչ Առաջին աշխարհամարտը՝ Ռոմանովների կյանք ներխուժեց մի անձնավորություն՝ Գրիգորի Ռասպուտինը: Նա սկզբում հրավիրվել էր պալատ, որպեսզի օգներ և բուժեր հիվանդ արքայազնին: Սակայն կարճ ժամանակում դարձավ, թե՛ երեխաների և թե՛ թագուհու սիրելին: Նա նույնիսկ ազատ մուտք և ելք ուներ երեխաների ննջասենյակներ: Եվ սա շատերի դուրը չէր գալիս: Չնայած այս ամենին երեխաները նրան լիովին վստահում էին:
Անաստասիան գրում է. «Իմ սիրելի, թանկագին և միակ ընկեր, այնպես եմ ցանկանում Ձեզ կրկին տեսնել: Այսօր ես Ձեզ տեսել եմ իմ երազում: Ես միշտ մամանից իմանում եմ, թե երբ նորից մեզ կայցելեք, և շատ ուրախ եմ, որ հնավորություն ունեմ Ձեզ ուղարկելու այս շնորհավորանքը: Շնորհավորում եմ Ձեր Ամանորը և թո՛ղ այն Ձեզ բերի առողջություն և երջանկություն: Ես միշտ հիշում եմ Ձեզ իմ թանկագին ընկեր, որովհետև Դուք միշտ բարի եք գտնվել իմ հանդեպ: Երկար ժամանակ է ինչ չեմ տեսել Ձեզ, բայց ամեն երեկո հիշում եմ Ձեր մասին: Ես Ձեզ ցանկանում եմ ամենալավը: Մաման միշտ ասում է, որ երբ Դուք գաք մենք անպայման կտեսնվենք: Այդ միտքը ինձ ուրախացանում է: Ձեր Անաստասիա»:
Սակայն բողոքները այդ «սուրբ» երեցի դեմ անընդհատ էին, որոնց պատճառով արքան ստիպված նրան ժամանակավոր հեռացրեց պալատից:
Ըստ Լիլի Դենի հիշողությունների, որը Ալեքսանդրա Ֆյոդորովնայի մոտ ընկերուհին էր, 1917թ.-ի փետրվարյան հեղափոխության ամենաթեժ ժամանակահատվածում, երեխաները մեկը մյուսի հետևից հիվանդանում են կարմրուկով:
Անաստասիան անկողնային հիվանդ էր, երբ արդեն արքայական պալատը շրջապատված էր ապստամբ ուժերով: Արքան այդ պահին հրամանատար էր Մոգիլևում, իսկ պալատում միայն թագուհին էր՝ երեխաների հետ: Որքան, որ հնարավոր էր, երեխաներից թաքցնում էին ճշմարտությունը:
1917թ.-ի մարտի 2-ին ժամը 09:00-ին արքան հրաժարական է տալիս:
Մարտի 8-ին պալատ է գալիս կոմս Պավել Բենկեն Դորֆ, և հայտնում, որ Ժամանակավոր կառավարությունը որոշում է կայացրել արքայական ընտանիքին տնային կալանք տալ: Հանձնարարված էր կազմել այն մարդկանց ցուցակը, ովքեր ցանկանում էին մնալ արքայական ընտանիքի հետ: Այդ մարդկանցից էր նաև թագուհու ընկերուհին՝ Լիլի Դենը:
Տնային կալանքը այդքան էլ անտանելի չէր, չնայած որ կրճատվեցին մի շարք ճաշատեսակներ, քանի որ ժամանակ առ ժամանակ արքայական ընտանիքի ճաշացանկը հրապարակվում էր և ավելորդ խոսակցության և զայրույթի պատճառ պետք է չլիներ:
Մի շարք հետաքրքրասերներ ցանկապատի հետևից միշտ հետևում էին արքայական ընտանիքի զբոսանքներին, և հաճախ վիրավորանքներ և հայհոյանքներ էին հասցնում նրանց: Այդ պատճառով զբոսանքները կրճատվեցին:
1917թ.-ի հունիսին աղջիկների գլուխը սափրում են, քանի որ եղանակի և դեղերի պատճառով մազերը թափվում էին, արքայազն Ալեքսեյի խնդրանքով նրա գլուխը ևս սափրեցին: Չնայած այս ամենին երեխաների ուսուցումը շարունակվում էր:
Եվ շատ առարկաներ նրանց ուսուցանում էին հայրը և մայրը: Այդ ընթացքում դեռևս հույս կար, որ արքայական ընտանիքը կարող էր երկրից դուրս գալ և փրկվել: Բայց Գեորգ 5-դը, ում ժողովրդականությունը զգալիորեն ընկել էր, նախընտրեց ռիսկի չդիմել և զոհաբերել արքայական ընտանիքը, որով և ցնցեց կառավարությանը:
Եվ շատ առարկաներ նրանց ուսուցանում էին հայրը և մայրը: Այդ ընթացքում դեռևս հույս կար, որ արքայական ընտանիքը կարող էր երկրից դուրս գալ և փրկվել: Բայց Գեորգ 5-դը, ում ժողովրդականությունը զգալիորեն ընկել էր, նախընտրեց ռիսկի չդիմել և զոհաբերել արքայական ընտանիքը, որով և ցնցեց կառավարությանը:
Այնուհետև Ժամանակավոր կառավարությունը որոշեց նախկին թագավորին և նրա ընտանիքին տեղափոխել Տոբոլսկ: Այստեղ կյանքը նույնպես միապաղաղ էր, ինչպես Ալեքսանդրովյան պալատում էր: Հիմնական զվարճանքը պատուհանից անցորդներին հետևելն էր: 09:00-11:00-ն դասեր էին, թեյըմպում և հայրիկի հետ զբոսանք, 12:00-13:00-ն կրկին դասեր: 14:00-16:00-ին զբոսանքներ և տնային ներկայացումներ: Անաստասիան, իր խոսքերով հաճույքով փայտ էր հավաքում և կար ու ձև անում: Այս ամենից հետո հաջորդում էր երեկոյան ստուգումները և քունը:
Այս ընթացքում Անաստասիան սկսում է քաշ հավաքել, որը տարօրինակ էր, սա սկսում է անհանգստացնել թագուհուն: Նա գրում է իր ընկերուհուն. «Անաստասիան հուսահատությունից սկսել է գիրանալ: Նա ինձ հիշեցնում է Մարիային, մի քանի տարի առաջ: Նրա մոտ էլ էր այդպիսի մեծ իրան և կարճլիկ ոտքեր: Հույս ունեմ, որ սա տարիքից է և կանցնի»:
1918թ.-ին ղեկավարությունը որոշում կայացրեց արքային բերել Մոսկվա՝ դատավարության համար: Երկար մտածելուց հետու թագուհին որոշեց ուղեկցել ամուսուն և նրան պետք է «օգներ» աղջիկը՝ Մարիան: Մնացածը պետք է մնային Տոբոլսկում: Օլգայի պարտականությունների մեջ էր մտնում խնամել հիվանդ եղբորը, Տատյանային օգնել տնային գործերում, իսկ Անաստասիայի պարտականությունների մեջ էր մտնում զվարճացնել բոլորին: Տունը դատարկվել էր և ժամանակը անցնում էր շատ դանդաղ և տխուր:
Ըստ արքայական բժիշկ Գլեբ Բոտկինի հիշողությունների, որը զոհվեց արքայական ընտանիքի հետ միասին, մի օր, երբ Անաստասիան նստած էր պատուհանի մոտ, նա ցանկանում էր մոտենալ նրան, սակայն զինվորները թույլ չտվեցին՝ սպառնալով, որ կգնդակահարեն:
1918թ.-ի մայիսի 3-ին պարզ դարձավ, որ դատավարությունը հետաձգվել է և Նիկոլայ 2-րդը կնոջ և աղջկա հետ տեղավորվեց ինժեներ Իպատևայի տանը՝ Եկատերենբուրգում: Այս ընթացքում թագուհին նամակ է գրում աղջիկներին, որ նրանք թաքցնեն թագավորական զարդերը և թանկարժեք քարերը: Անաստասիան դրանք կարում էր զգեստների կորսետների տակ: Հարմար առիթի դեպքում սրանք կարող էին փրկագին լինել և փրկության միակ ճանապարհ:
Մայիսի 19-ին որոշվեց, որ երեխաները պետք է միանան ծնողներին և այդպես նրանք ուղևորվեցին Տյումեն, որտեղ բանտարկյալի նման էին ապրում, իսկ մայիսի 22-ին նրանք հասան Եկատերենբուրգ:
Չնայած այս ամենին Անաստասիան չէր հուսահատվում, նամակում նա գրում է ուղևորության մասին. «Իմ սիրելի ընկեր, կպատմեմ քեզ, թե ինչպես մենք տեղ հասանք: Մենք դուրս եկան վաղ առավոտյան և նստեցինք գնացք: Ես անմիջապես քնեցի, իսկ իմ ետևից մնացածը: Մենք, բոլորս շատ հոգնած էինք, ուստի ամբողջ գիշեր քնեցինք: Առաջին օրը շատ շոգ էր և փոշոտ, սակայն մենք վարագույրները փակ էինք պահում, որպեսզի մեզ չնկատեին: Մի երեկո, երբ մենք կանգ էինք առել մի փոքրիկ տան մոտ, ոչ ոք չկար և ես պատուհանից հանգիստ դուրս էի նայում և հանկարծ ինձ մոտեցավ մի փոքրիկ տղա և հարցրեց. «Պարո՛ն, պարո՛ն, ինձ թերթ կտա՞ք», ես նրան ասացի, որ ես պարոն չեմ, այլ օրիորդ և ինձ մոտ թերթ չկա: Ես սկզբում չէի հասկանում, թե ինչու՞ նա ինձ «պարոն» կանչեց, հետո հիշեցի, որ մազերս կարճ էին՝ մեզ ուղեկցող զինվորների պես: Մենք այդ պատմության վրա, երկար ծիծաղեցինք: Ընդհանրապես ուղևորության ընթացքում շատ ծիծաղելի դեպքեր պատահեցին: Եթե ժամանակ լինի, ես քեզ կպատմեմ ուղևորության մասին, սկզբից մինչև վերջ: Ցտեսություն, չմոռանաս ինձ, համբուրում եմ: Քո Անաստասիա»:
![]() |
| Գնդակահարության վայրը |
1918թ.-ի հունիսի 18-ին, երեքշաբթի Անաստասիան նշեց իր վերջին ծննդյան տոնը:
Պաշտոնապես համարվում է, որ արքայական ընտանիքը գնդակահարելու որոշումը կայացվել է Ուրալյան խորհրդի կողմից հունիսի 16-ին: Սա պայմանավորված էր նրանով, որ հնարավոր էր, որ քաղաքը հանձնվեր սպիտակ զորքերին և իբրև թե հայտնաբերվել էր դավադրություն, ըստ որի արքայական ընտանիքը կփրկվեր:
Այսպիսով ընդունվեց գնդակահարման որոշումը: Երկար ժամանակ քննարկում էին, թե որտե՞ղ և ինչպե՞ս պետք է իրականացվի մահապատիժը:
Արքայական ընտանքին գիշերն արթնացրեցին և այն պատրվակով, թե իբրև նրանց կյանքին վտանգ է սպառնում, իջեցրին կիսանկուղային սենյակ:
Համաձայն Յակով Յուրովսկայի հաշվետվության, արքայական ընտանիքը մինչև վերջին րոպեն ոչինչ չկասկածեց: Նկուղում թագուհու խնդրանքով բերվեցին աթոռներ, որի վրա նստեց թագուհին և արքան՝ որդուն գրկած: Անաստասիան քույրերի հետ կանգնած էին նրանց հետևում: նրանց մոտ կային պայուսակներ: Անաստասիան նաև վերցրել էր իր սիրելի շնիկին՝ Ջիմմիին, որը միշտ նրա հետ էր:
Ապացույց կա, այն մասին, որ Տատյանան, Մարիան և Անաստասիան առաջին կրակոցից դեռևս ողջ էին, քանի որ նրանց կորսետների տակ կարված էին թանկարժեք քարեր: Հետագայում հարցաքննությունների ընթացքում պարզվեց, որ արքայադուստրերից, մահվանը ավելի շատ դիմադրում էր հենց Անաստասիան: Եվ ստիպված նրան սպանել են հրացանի սվիներով: Հայտնաբերված նյութերից, պատմաբան Էդվարդ Ռադզինցկին եզրակացրեց, որ բոլորից երկար ողջ է մնացել Աննա Դեմիդովան՝ Ալեքսանդրիայի սպասուհին, ով իրեն պաշտպանել է թանկարժեք քարերով լցված բարձով:
Հարզատների մարմնիների հետ միասին, Անաստասիայի մարմինը ևս փաթաթեցին սպիտակեղենի մեջ և թաղեցին Չորս եղբայր կոչվող տարածքում: Այնտեղ մարմինները ծծմբական թթվով և հրացանի կոթերով այլանդակեցին և գցեցին հին հանքավայրերից մեկում (այստեղ գտնվել են նաև շան ոսկորները): Սպանությունից հետո նրանց սենյակում գտնվել է Անաստասիայի վերջին նկարը, որտեղ երկու կեչիների արանքում ճոճանակ էր պատկերված:
Ըստ նրա ժամանակակիցների, Անաստասիան փոքրիկ էր և ամուր, շիկահեր էր, ուներ խոշոր կապույտ աչքեր, որը ժառանգել էր հորից: Իր կազմվածքով Անաստասիան նման էր քրոջը՝ Մարիային, ուներ լայն կոնքեր, բարեկազմ իրան, որը ժառանգել էր մորից: Անաստասիան կարճահասակ էր և ամրակազմ, սակայն սրա հետ մեկտեղ նուրբ և նազելի: Թագավորական արյուն ունենալով հանդերձ, նա ուներ գեղջկական դեմք և մարմին, իհարկե զիջելով Օլգային և փխրուն Տատյանային:
Անաստասիան միակ արքայադուստրն էր, որը ժառանգել էր, հոր դեմքի կառուցվածքը: Նա ընդհանրապես նման էր հորը, խոշոր կապույտ աչքեր, մեծ քիթ, փափուկ շրթունքներ: Վերջիներս նրան նմանեցնում էին տատիկին՝ Մարիա Ֆյոդորովնային: Անաստասիան ուներ նաև գանգուր մազեր:
Նա խոսում էր շատ արագ, բայց հստակ, ձայնը շատ բարձր էր և խորը: Ուներ բարձր ծիծաղելու և քրքջալու սովորություն: Աղջիկը բոլորից առանձնանում էր իր թեթև և ուրախ բնավորությամբ: Սիրում էր խաղալ և ժամերով կարող էր այգում պահմտոցի խաղալ: Շատ հեշտ ծառեր էր մագլցում և հրաժարվում իջնել այնտեղից: Նա սիրում էր ներկել քույրերի այտերը և քիթիկը: Նրա թեթև ձեռքով նորաձևության մեջ մտավ ծաղիկներով և ժապավեներով հյուսքերը, որի համար նա շատ ուրախ էր: Անաստասիան անբաժան էր քրոջ՝ Մարիայի հետ և պաշտում էր եղբորը: Երբ նրան հիվանդության պատճառով կրկին պառկեցնում էին, նա կարող էր եղբորը ժամերով զվարճացնել:
Աննա Վիրուբովան հիշում է. «Անաստասիան կարծես սնդիկից պատրաստված լիներ, այլ ոչ թե մարմնից և արյունից: Երբ նա 3 կամ 4 տարեկան էր, Կրոնշտադում կարևոր ընթրիքի ժամանակ մտել էր սեղանի տակ և սկսել հյուրերի ոտքերին հպվել՝ ձևանալով, որպես շնիկ, այդ չարաճճիության համար նա հորից ստացավ խիստ նկատողություն:
![]() |
| Աննա Անդերսոն-Անաստասիա |
Անաստասիան սիրում էր նկարել, կարել, կիթառ և բալալայկա նվագել, ֆիլմեր դիտել: Հետաքրքրվում էր նորաձևությամբ և լուսանկարչությամբ, ուներ սեփական ֆոտոալբոմ: Պատերազմի ժամանակ նա և քույրերը սկսեցին ծխել:
Արքայադուստրը աչքի չէր ընկնում իր ամուր առողջությամբ: Փոքր տարիքում նա տառապել է ոտքերի ցավից, որը ոտքերի բնածին թեքության պատճառով էր: Ուներ hallux valgus-ի համախտանիշ, որով հետագայում ինքնակոչ Աննա Անդերսոնը պետք է նույնացներ իր հիվանդության հետ: Ուներ նաև թույլ մեջք և մերսողից շատ հաճախ փախչում և թաքնվում էր անկողնու տակ: Նա սիրում էր կարդալ Շիլլեր, Գյոթե, Դիքենս, Շարլոտե Բրոնտե: Շատ լավ դաշնամուր էր նվագում և մոր հետ չորս ձեռքերով նվագում էին Շոպեն, Չայկովսկի, Ռախմանինով:
Ֆրանսերենի ուսուցչուհի Ժիլյարը հիշում է. «Նա չարաճճի երեխա էր և տարիների ընթացքում ուղղվեց: Երբեմն ծույլ էր, որը լինում էր ընդունակ երեխաների հետ, նա ուներ ֆրանսերեն լեզվի գեղեցիկ առոգանություն, բեմադրում էր ներկայացումներ և հանդես գալիս մեծ տաղանդով: Նա շատ զվարթ էր, ուրախացնում էր բոլորին և մայրը նրան անվանում էր «Արևի շող»»:
Իշխան Դմիտրի Ռոմանովիչ Ռոմանովը գրում է. «Ինքնակոչ Անաստասիաներն իմ հիշողության մեջ 12-19 էին: Հետպատերազմյան դեպրեսիայի արդյուքնում շատերը հոգեպես շեղվել էին: Մենք, Ռոմանովներս շատ ուրախ կլինեինք, որ Անաստասիան ողջ լիներ, թեկուզ և Աննա Անդերսոնի կերպարով: Բայց ցավոք, դա նա չէր»: Այսպիսով, տարիների ընթացքում մոտ 30 Անաստասիաներ ի հայտ եկան, որոնք հետագա դատավարությունների, բժշկական հետազոտությունների ընթացքում անհետացան: Նրանցից ամենահայտնի Աննա Անդերսոնն էր, որը ամեն կերպ փորձում էր ապացուցել, որ նա փրկված Անաստասիա Ռոմանովն է: Սակայն նրա մահվանից հետո, ամբողջ սուտը ջրի երես դուրս եկավ: 90-ականներին գտնվեցին արքայական ընտանիքի անդամների մնացորդները:
Այսօր պաշտոնապես այս գործը փակված է: Սակայն Անաստասիա Ռոմանովի մասին այս փաստերը և ապացույցները մնացին օդում: Մինչև այսօր էլ ոչ ոք հաստատ չի կարող ասել ու ապացուցել, որ Անաստասիան մահացավ ընտանիքի անդամների հետ, կամ փրկվեց՝ բարեգութ զինվորներից մեկի կողմից, որից հետո ապրեց և միգուցե մահացավ, որպես սովորական մահկանացու:
Այս պատմության հիման վրա Fox Animation Studios-ը 1997թ.-ին ստեղծեց «Անաստասիա» մուլտֆիլմը, որին բյուջեն կազմում էր 53.000.000 դոլար և համարվում լավագույն մուլտֆիլմերից մեկը, որն ակտուալ է նաև այսօր:













Comments
Post a Comment